Թուրքիան հնարավոր է, որ առաջիկայում վերսկսի հարաբերությունը Հայաստանի հետ. Ռիչարդ Կիրակոսյան
Հայաստանի արտաքին քաղաքականությունը որպես ռազմավարական երկիր զարգանում և ամրապնդվում է, ինչպես Թուրքիայի հետ հարաբերությունների, այնպես էլ ԼՂՀ հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նա նախ անդրադարձավ Ֆրանսիայի Սենատի քվերակությանն ընդդեմ Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծին և նկատեց, որ Հայաստանի համար օրինագծի ընդունման ազդեցությունը եղավ ընդամենը երեկ՝ 3 կգ-ի տեսքով, երբ ծնվեց երեխա, որին կոչեցին Սարկոզի: «Հայաստանում շատ են Համլետները, բայց այսօր ունենք Սարկոզի, ինչն էլ ցույց է տալիս Հայաստանի համար այս խնդիր կարևորությունը»,- ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, որ այս օրինագիծը շատ ուժեղ ուղերձ է Թուրքիային: «Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային շարժում է սկսվել, որը չի կարելի կասեցնել»,- նշեց նա և հավելեց, որ այսօր ճանաչման գործընթացն ավելի ուժեղ է և ավելի մեծ ճնշում է Թուրքիայի վրա, քան նախկինում էր:
Քաղաքագետը նկատեց, որ Թուրքիայի արձագանքը խնդրի վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրեց, ինչով էլ ինքն իրեն վնասեց: Նա այս ամենից հետո կանխատեսեց, որ Թուրքիան նպատակ ունենալով թուլացնել ցեղասպանության ճանաչման այս գործընթացը առաջիկայում հնարավոր է, որ վերադառանա ֆուտբոլային դիվանագիտությանը և վերսկսի հարաբերությունը Հայաստանի հետ: Բացի այդ, ըստ նրա՝ Թուրքիան շատ ծանրաբեռնված է արտաքին հարաբերություններում և խնդիրներ ունի մի շարք երկրների հետ, որոնք երկարաժամկետ են:
«Թուրքիան պետք է հասկանա, որ Հայաստանի համբերությունն էլ անսահման չէ, և հնարավոր է, որ նա առանց պայմանների քաղաքականությունը փոխի՝ դառնալով ավելի պահանջկոտ»,- ասաց նա:









