Ռիո դե Ժանեյրոյում երկու բարձրահարկ է փլուզվել. կան զոհեր

08:49 • 26.01.12

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում երկու բարձրահարկ շինություն է փլուզվել: Փրկարար ծառայությունների տեղեկություններով, փլուզված շենքերից մեկը 10 հարկանի է, մյուսը` 21, սակայն ականատեսների հաղորդած տվյալներով, քանդվել է նաև երրորդ, ավելի փոքր մի շինություն:

Նախնական տեղեկություններով, 11 մարդ մնացել է ավերակների տակ,այլ տվյալներով, նրանք բոլորը զոհվել են: Սակայն, ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, զոհերի, տուժածների, ինչպես նաև փլատակների տակ մնացած անձանց ստույգ թվի մասին հնարավոր չէ տեղեկություններ ստանալ, տեղանքում անբավարար լուսավորության պատճառով, ինչը խոչընդոտում է փրկարարների աշխատանքին:

Շինությունները քանդվել են երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո, սակայն հիմնականում գրասենյակներ ունեցող շենքերում դեռ զգալի քանակությամբ մարդիկ են եղել: Ականատեսները հաղորդել են, որ շենքերից մեկի փլուզումից անմիջապես առաջ պայթյունի ուժեղ ձայն է լսվել: