Մեդվեդևին փոխարինողը դժվար թե եռակողմ անվերջ բանակցությունների համբերություն ունենա. Russia Profile
«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր պաշտոնավարման ընթացքում 10–րդ հանդիպումն անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։ Երկուշաբթի Սոչիում տեղի ունեցած հանդիպումը, սակայն, հերթական անգամ չկարողացավ բեկում մտցնել բանակցություններում,–գրում է անգլալեզու Russia Profile պարբերականի վերլուծաբան Էնդրյու Ռոթը և հավելում,–Մինչ Ռուսաստանը, երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական ակցիաների պատճառով, ուշադրությունը ներքին խնդիրների վրա է կենտրոնացրել, իսկ Մեդվեդևը պատրաստվում է «դուրս գալ» քաղաքական կյանքի կիզակետից, դեռևս լուծում չի տրվել մի հիմնախնդրի, որը, Ռուսաստանի նախագահի խոսքով, «հետխորհրդային տարածաշրջանի միակ հակամարտություն է, որն այժմ հնարավոր է լուծել»։
Հոդվածագիրն այնուհետ հիշեցնում է Մեդվեդևի արած այն հայտարարությունը (վերջին հանդիպման ժամանակ), թե եռակողմ ձևաչափով ձմեռային հանդիպումներն ավանդույթ են դարձել և ընդգծում. «Այդ հանդիպումից սպասումները մեծ չէին՝ հատկապես անցած տարի Կազանում կայացած շատ սպասված բանակցությունների ձախողումից հետո։ «ՌԻԱ նովոստիի» տվյալներով՝ համատեղ հայտարարությամբ կողմերն ընդամենը «պատրաստակամություն էին հայտնել, հաշվի առնելով մինչ այժմ կատարված աշխատանքը, արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման գործընթացը»։
«ԵԱՀԿ–ի կողմից առաջարկված ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները՝ այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները», առայժմ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման լավագույն տարբերակն են համարվում։ Համաձայնագիրը, որի շրջանակում ենթադրվում էր Լեռնային Ղարաբաղի արագ ապառազմականացում և որով երաշխավորվում էր փախստականների վերադարձի իրավունքն ու նախատեսվում էր հանրաքվե անցկացնել շրջանի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ, թվում էր՝ կշիռ է ձեռք բերում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, հրաժարվեցին որևէ զիջման գնալ։ Ի թիվս այլ հարցերի, նրանք չեն կարողացել համաձայնության գալ հանրաքվեի (ԼՂ–ի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ) անցկացման ժամկետների, ինչպես նաև այն հարցի վերաբերյալ, թե հանրաքվեն միայն «շրջանի» տարածքում է անցկացվելու, թե ողջ Ադրբեջանում»,–գրում է հեղինակը՝ նշելով, որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ նաև Լեռնային Ղարաբաղի 7 շրջաններից 2–ից զորքերի դուրս բերման հարցի շուրջ։
Վերլուծաբանը շարունակելով գրում է, որ, չնայած բանակցություններին և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղում «հակամարտությունը շարունակվում է». դիպուկահարների արձակած կրակից զինվորներ, խաղաղ բնակիչներ են զոհվում։ «Չնայած, որ զոհերի թիվը մեծ չէ, միջադեպերը, այդուհանդերձ, վկայում են սահմանին տիրող անկայուն վիճակի մասին»,–ասված է հոդվածում։
Հոդվածագիրն ընդգծում է, որ, չնայած եռակողմ բանակցությունների «համեստ հաջողությանը», որոշ փորձագետներ, այդուհանդերձ, «հույսի շող են» որսացել դրանցում։ «ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, օրինակ, նշեց, որ երկու կողմերն էլ քիչ թե շատ հավատարիմ են մնում հիմնական փաստաթղթերին, ինչպես օրինակ «մադրիդյան սկզբունքներին», որոնք ԵԱՀԿ–ը շարունակում է հնարավոր համաձայնագրի համար լավագույն հիմք համարել։ Գլխավոր հարցը, սակայն, այժմ այն է, թե Ալիևն ու Սարգսյանը կարողանալու են արդյոք հաղթահարել իրենց տարաձայնություններն առանց Ռուսաստանի միջնորդության։ Մինչ Ռուսաստանի քաղաքներում վերջերս տեղի ունեցող բողոքի ակցիաներն այդ երկրի ուշադրությունը շեղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, լրանում է նաև Մեդվեդևի պաշտոնավարման ժամկետը. դժվար թե նրա իրավահաջորդն այդքան համբերություն ունենա՝ առանց հստակ արդյունքների անվերջ բանակցություններ անցկացնելու համար»,–գրում է նա։
Ռոթը հոդվածի վերջում մեջբերում է Սոչիի հանդիպման առնչությամբ «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի խոսքերը. «Սոչիի հանդիպումը կարծես հրաժեշտի հանդիպում լինի՝ Մեդվեդևի և նրա գործընկերների միջև....։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները գիտակցում էին այդ հանդիպման անօգտակարությունը, բայց չկարողացան հրաժարվել մասնակցությունից»։
Հունվարի 23–ին Սոչիում տեղի ունեցավ Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումը, որի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորումն էր։ Հանդիպման ավարտին կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին։









