Չորեքշաբթին հինգշաբթիից շուտ եկավ. ՀՀԿ խորհրդի այսօր նախատեսված նիստն անցկացվել է երեկ

19:35 • 26.01.12

Սերժ Սարգսյանը երեկ հանրապետականներին շնորհավորել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած օրինագծի կապակցությամբ:
Հունվարի 26-ին ՀՀԿ գրասենյակում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նախատեսված խորհրդակցությունն անցկացվել է երեկ՝ հունվարի 25- ին : Այն տևել է 15-20 րոպե: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, Աժ նախագահ Էդուարդ Շարմազանովը: Սերժ Սարգսյանը հանրապետականներին շնորհավորել է Ֆրանսիայի սենատի օրինագծի կապակցությամբ
Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ աշխատանքային կարճատև խորհրդակցության ժամանակ քննարկվել է ինչպես Սենատի՝ օրինագիծը, այնպես էլ մի քանի ներկուսակցական խնդիր:

Կայքերից մեկի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակում ներկայացված կլինեն նաև կրոնական կազմակերպությունների և մասնավորապես՝ Ավետարանչական համայնքի ներկայացուցիչը: Այս քայլը, ըստ կայքի աղբյուրների՝ կշոյի ավետարանչական համայնքին:

«Համամասնական ցուցակը դեռ չի քննարկվել, սակայն կարող եմ ասել, որ մեր կանոնադրության մեջ կարևորվում է Հայաստանեայց Առաքելական եկեղեցին: Նույնը վերաբերում է նաև ազգային փոքրամասնություններին, այսինքն նրանց մասով ևս քննարկումներ չեն եղել»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Նշենք, որ Էդուարդ Շարմազանովն ինքը Հայաստանում հունական համայնքի խորհրդի նախագահն է: