Շփման գծի դիտարկման ժամանակ հրադադարի խախտման դեպքեր չեն գրանցվել
Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մերձակայքում:
Ըստ ԼՂՀ արտգործնախարարության մամուլի հաղորդագրության` ղարաբաղյան դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ՈՒիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա /:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:









