Թեղուտի շահագործմամբ վնասվել և դեռ կվնասվեն պատմամշակութային շատ հուշարձաններ
Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով արդեն վնասվել են մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ահանզանգեցին Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը և Թռչկան քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ, բնապահպան Ապրես Զոհրաբյանը:
Նրանց խոսքով` պատմամշակութային այդպիսի հուշարձաններից մեկն է Դուքանաձորի տարածքում հայտնաբերված միջնադարյան ձուլարան, որից պահպանվել է շատ քիչ բան. Սուրեն Հոբոսյանի պնդմամբ` պահպանվել է հուշարձանից միայն 1/5-րդ մասը:
«Այն հողի մեջ ցցված պատի մի փոքր հատված է, հալած մետաղի նստվածքի հետքերով, ինչից էլ ենթադրվել է, որ այն իրենից ներկայացնում է թոնրի կառույց, որտեղ ձուլել են մետաղ»,- ասաց նա:
Ըստ մասնագետի՝ հանքի այն տարածքը, որը կվերածվի պոչամբարի, կվնասի նաև այստեղ գտնվող բոլոր հուշարաձանները: Մասնավորապես, կվերանա Խառատանոցի տարածքում հայտաբերված քուր-արաքսյան մշակութային շերտը, որն իր տեսակով առանձնահատուկ է:
«Նույն պոչամբարի տարածքում հայտնաբերվել է երկու հնձան և 40 տարբեր շրջանների դամբարաններ: Այստեղ բացահայտվել է նաև պատ, նախնական ենթադրությամբ դա եղել է արտադրական կառույց, որը 4800 տարվա պատմություն ունի»,- ասաց նա:
Խառատանոցի մոտ տեղակայցած նույն պոչամբարի տարածքում գտնվող միջնադարյան Բովեր եկեղեցին, ըստ Սուրեն Հոբոսյանի, կտեղափոխվի Շնող գետի ափին գտնվող տարածք, որն արդեն հատկացվել է:
«Այն հուշարձանները, որոնք հնարավոր չի տեղափոխել` մնալու են պոչամբարի տակ»,- նշեց նա:
Ի դեպ նա ընդգծեց, որ տարածքի պեղված հուշարձանները գրանցված են պատմամշակութային պահպանվող հուշարձանների ցուցակում: Իսկ թե ինչպես կպահպանվեն մյուս հուշարձանները, արշավախմբի ղեկավարը պատարասխանել չկարողացավ:
Բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը կառավարության ուշադրությունն է հրավիրում ավելի հեռատեսական ծրագրերի վրա. նրա համոզմամբ`Թեղուտի տարածքում առկա մեծաթիվ պատմամշակությաին հուշարձանները կարելի է օգտագործել՝ տեղանքը զբողաշրջության կենտրոն դարձնելով:
«Տուրիզմն աշխարհում բարձր տնտեսական ճյուղ է հանդիսանում, ինչը հավասար է մեքենաշինությանը կամ արդյունաբերությանը: Փաստորեն մենք ոչ միայն ոնչացնում ենք պատմական շերտերը, այլ նաև դրա վրա գումար աշխատելու հնարավորությունը»,- բացատրեց նա:
Ապրես Զոհրաբյանը հավատացնում է, որ իրենք Խառատանոցի հուշարձանները փրկելու համար ձեռքները ծալած չեն նստի և միջոցներ կձեռնարկեն:
«Մշակույթի նախարարությունը պարտավորություններ ունի հայկական մշակութային հուշարձանների պահպանման հարցում, ու եթե մոռացել են այդ մասին, մենք կհիշեցնենք»,- ասաց նա:
Ի դեպ, պեղումներն իրականացնելու համար ծախսերը հոգում է Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» ընկերությունը:









