ԱՄՆ-ը Պարսից ծոց է ուղարկում իր ամենամեծ հարվածային ավիակիրը
Միացյալ Նահանգները մարտին Պարսից ծոց կուղարկի ևս մեկ ավիակիր հարվածային խումբ` «Էնթըրփրայզ» ատոմային ավիակրի գլխավորությամբ: Ւնչպես հայտնել են ԱՄՆ Ռազմածովային ուժերից, խմբի կազմում կլինեն հրթիռային հածանավ և երեք հրթիռային ականակիր նավ:
«Էնթըրփրայզ»-ն աշխարհի առաջին ատոմային ավիակիրն է. գործածության մեջ է մտցվել1961-ին: 8 միջուկային ռեակտոր ունեցող հսկան նաև ամենաերկար ռազմանավն է աշխարհում, որի վրա կարող է տեղակայվել մոտ 90 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Պարսից ծոց մտավ ամերիկյան ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը` «Աբրահամ Լինքոլն»- ի գլխավորությամբ, որի կազմում են նաև ֆրանսիական ու բրիտանական ռազմանավեր: Խումբը մարտական հերթապահություն է իրականացնում «Կարլ Վինսոն» ավիակրի հարվածային խմբի հետ: Վերջին ավիակիր հարվածային խումբը անցած տարեվերջին փոխարինեց «Ջոն Ստեննիս»-ի գլխավորած խմբին:
Դեկտեմբերին, երբ Եվրամիությունը սպառնացել էր իրանական միջուկային ծրագիրը չդադարեցնելու համար նավթային էմբարգո մտցնել, Թեհրանը հայտարարեց, որ նման պարագայում կարգելափակի Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկակական օվկիանոսին: Հայտնի է, որ այն կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քանի որ նեղուցով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մինչև 40%-ը: Իրանական սպառնալիքին ի պատասխան, Բահրեյնում տեղակայված ամերիկյան 5-րդ նավատորմի հրամանատարությունը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում թույլ չի տա նեղուցի արգելափակում:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել էր, որ ռազմանավերի ժամանումը Պարսից ծոց «հստակ ազդանշան» է Թեհրանին:
Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին Բրյուսելում կայացած նիստում հաստատեցին իրանական նավթի նկատմամբ արգելք մտցնելու մասին որոշումը: Այս որոշմանն աջակցում է Վաշինգտոնը:









