«Ժառանգություն»-ն առաջիկայում մեծ փոփոխություններ է կանխատեսում
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը վստահ է, որ առաջիկայում մեծ փոփոխությունների ենք ականատես լինելու:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ կանխատեսումը հիմնված է ոչ թե քաղաքական ուժերի, այլ հենց հասարակության ակտիվության վրա:
«Հասարակությունն զգում է, որ այս հետընթացն այլևս ճանապարհ չունի»,- ասաց նա` ավելացնելով, որ հասարակությանը դարձրել են հանդիսատես և փորձում են նրան դուրս հանել գործընթացից:
Կարինե Հակոբյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ է անում մեծամասնական և համամասնական ընտրակարգում չընդունել օլիգարխների կամ գործարարների հայտերը՝ ելնելով նախագահի հայտարարությունից:
«Նախագահն իր ելույթում նշեց, որ պատրաստակամ է քաղաքական կամք դրսևորել և անցկացնել այնպիսի ազատ և արդար ընտրություններ, ինչպիսիք չեն եղել»,- հիշեցրեց նա և հավելեց, որ խոսքով չէ միայն, որ ազատ ընտրություններ պետք է ապահովվեն:
Կարինե Հակոբյանը նաև ասաց, որ ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկից առաջ «Ժառանգությունը» քննարկել է բոլոր մեծամասնական տեղերում իր թեկնածուներին առաջադրելու հարցը , իսկ այս պահին այն դեռ քննարկվում է:
Կուսակցությունը, ըստ նրա, դեռևս ցուցակներ կազմելու համար քննարկումներ չի կազմակերպել, քանի որ այս խնդիրը նրանց համար երկրորդական է: Կարինե Հակոբյանը, այդուհանդերձ, իրեն տեսնում է «Ժառանգության» ցուցակում:
Կուսակցության վարչության քարտուղարը համակարծիք է այն որակումներին, որ ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Ժառանգության» առաջարկը փիար քայլ էր: Սակայն, ըստ նրա, դա նպատակադրված քայլ չէր:
«Հասարակությունը քիչ է տեղյակ համամասնական և մեծամասնական ընտրակարգի մեխանիզմներից: Նրանք ավելի շատ արդար ընտրություններ են ցանկանում»,- ասեց նա:









