Սիրիայում անհայտ անձիք Իրանի 11 քաղաքացի են առևանգել

01:20 • 27.01.12

Անհայտ զինված մարդիկ Սիրիայի կենտրոնական հատվածում Իրանից ժամանած 11 ուխտագնացների են առևանգել: Այս մասին հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

«Նրանց ավտոբուսը ուղևորվում էր Դամասկոս, երբ` Սիրիայի կենտրոնական մասում նրանք հարձակման ենթարկվեցին և 11 ուղևորներ առևանգվեցին», - գործակալությունը մեջբերում է Իրանի ուխտագնացության և հաջի կազմակերպության ներկայացուցչի խոսքերը:

Իրանի իշխանությունները դատապարտել են Իսլամական Հանրապետության քաղաքացիների առևանգումը:

«Իրանական ուխտագնացների առևանգումը անօրինական է, և մենք սպասում ենք, որ սիրիական իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն Իրանի քաղաքացիների ազատագրման ուղղությամբ», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ` Ռամին Մեհմանփարասթը: