Եգիպտոսը հետ է կանչել Սիրիայում իր դեսպանին

22:29 • 19.02.12

Եգիպտոսի արտգործնախարարությունը հետ է կանչել Սիրիայում իր դեսպան Շաուկի Իսմայիլին, հայտնում է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթի ինտերնետ պորտալը:

Թերթը մեջբերում է ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ամրու Ռուշդիի խոսքը այն մասին, որ երկրի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ամրուն դեսպան Իսմայիլի հետ Սիրիայում տիրող վիճակի քննարկումից հետո որոշել է նրան հետ չուղարկել Դամասկոս` «մինչև հատուկ հանձնարարություններ չստացվեն»:

Ավելի վաղ Դամասկոսում իրենց դեսպաններին հետ կանչելու մասին այս կամ այն ձևաչափով հայտարարել էին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հոլանդիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:

Սիրիայից իրենց դեսպաններին հետ կանչած արաբական երկրների շարքում են Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական էմիրությունները, այժմ նաև` Եգիպտոսը:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում հակակառավարական ցուցարարների և բանակի միջև բախումների հետևանքով ավելի քան 6000 մարդ է սպանվել: