«Եվրատեսիլ 2012»-ին Վրաստանը ներկայացնելու է Անրի Ջոխաձեն
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթին Վրաստանը ներկայացնելու է վրացի հայտնի երգիչ Անրի Ջոխաձեն` «Ես ջոկեր եմ» երգով:
Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, երգի այդ մրցույթին Վրաստանը ներկայացնելու պատիվը Ջոխաձեին ընձեռվել է հեռուստադիտողի և հատուկ ժյուրիի քվեարկության արդյունքում:
Վրաստանը ներկայացնելու իրավունքին արժանալու համար Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքի ուղիղ եթերում պայքարել են Անրի Ջոխաձեն, Բորիս Բեդիան, Էդվարդ Տատիանին, Լևան Ջիբլաձեն, ինչպես նաև November, Vanilla Cage, Mirror Illusion, REMA և Industrial City խմբերը:
Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկա է եղել «Եվրատեսիլ 2012»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբինա Բաբաևան:
Գերմանիայում անցկացված «Եվրատեսիլ 2011» մրցույթում հաղթող ճանաչվեցին Ադրբեջանը ներկայացնող Նիգյար Ջեմալն ու Էլդար Գասիմովը։ Մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկիրը դառնում է հաջորդ տարվա հյուրընկալող երկիր:
Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի տոմսերը վաճառքի կհանվեն փետրվարի 28-ին` առցանց (online) համակարգով: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունենալու մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչ փուլը` մայիսի 26-ին:
Հայաստանը ևս մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Բայց թե կոնկրետ ով կներկայացնի մեր երկիրը, դեռևս հայտնի չէ:
Հավելենք, որ Ջոխաձեն մասնակցել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հայ-վրացական «10+10» երաժշտական նախագծին:










