Հայկո, Հովո և ուրիշներ... Մաշտոցի այգու պաշտպանների թիվն աճում է (տեսանյութ)

10:28 • 20.02.12

Երեկ Մաշտոցի պուրակ են այցելել հայտնի մարդիկ, քաղաքական հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ, երեխաներ, տեղեկացնում է «Էկոլուրը» և ներկայացնում տեսանյութում հանդես եկած քաղաքացիների խոսքերից մեջբերումներ:

Հովհաննես Ազոյան (Հովո ). «Եթե չես տնկում ծառ, գոնե մի ոչնչացրու, դա վերադառնալու է այն մարդկանց, ովքեր անում են այս ոճրագործությունը ծառերի նկատմամբ...»։
Հայկ Մարության (Հայկո). «Ես շատ պարզ մի բան եմ ասում, դուք որտե՞ղ եք տանում ձեր երեխաներին զբոսնելու, ասում են հենց այս այգին, որովհետև իրոք միակն է մնացել... Կարելի է յուրաքանչյուր տարածք չբարեկարգել, հետո ինչ ուզել այնտեղ կառուցել, Փաստացի բարեկարգված չի, եկեք բարեկարգենք»:

Անահիտ Բախշյան («Ժառանգության» պատգամավոր). «Չարժի այդ մարդկանց համար մեր երիտասարդ քաղաքապետը, ում հետ շատ մեծ հույսեր ենք կապում, իր հեղինակությունը սասանվի, սա ապօրինի շինարարություն է»:

Նվեր Մնացականյան («Առաջին լրատվականի» հաղորդավար). «Կոչ կանեի բնության հետ համերաշխ ապրել, պահպանել որոշ նորմեր, կան բաներ, որ արդեն չի կարելի...»։

Արթուր Կիրակոսյան («Երկիր Մեդիայի» «Երկիրն այսօր» հաղորդման հաղորդավար). «Բնության հետ համերաշխ և ներդաշնակ է պետք լինել»:

Աշոտ Ադամյան. «Ցանկացած անօրեն շարժի դեմ բողոքողի կողքին ես պատրաստ եմ կանգնել, որովհետև դա սեփական արժանապատվության և իրավունքի արտահայտչամիջոց է»:
Երվանդ Մանարյան. «Պատմության բոլոր ընթացքներում այդպես է եղել` մեկը սարքել է, մյուսը` քանդել, հիմա ով որ ուժեղ է նա էլ տերը կլինի... Իմացեք, որ դուք եք ուժեղը»:
Բժիշկ. «Ոնց կարելի է վերցնել ապականել, առանց հաշվի առնելու, որ կողքը կա ծննդատուն, հիվանդանոց, դա աննորմալ բան է: Աշխարհի ցանկացած երկրում և Հայաստանում էլ միշտ այդպես է եղել, հիվանդանոցների շուրջը կանաչ տարածք է եղել»:
Սոնա. «Փիս մարդիկ սարքում են խանութ, նրանք փչացնում են ծառերն ու օդը...»։