Ռուսական բանակը կհամալրվի սկզբունքորեն նոր տեխնիկայով. Պուտին

09:57 • 20.02.12

Առաջիկա տասը տարիների ընթացքում ռուսական բանակը կհամալրվի սկզբունքորեն նոր տեխնիկայով, որը «տեսնում» է հեռուն, խոցում է ճշգրտորեն և արձագանքում արագ, քան ցանկացած պոտենցիալ թշնամու նույնանման համակարգերը: Այս մասին Российская газета թերթում այսօր լույս տեսած իր նոր հոդվածում գրել է ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը:

«Լինել ուժեղ. Ռուսաստանի ազգային անվտանգության երաշխիքները» հոդվածում Պուտինը նշել է, որ մինչև 2022 թվականը ռուսական բանակը կհամալրվի ավելի քան 400 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով` ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային , ռազմավարական նշանակության ստորջրյա կրեյսերներով, մոտ 20 բազմաթիրախային ստորջրյա նավերով, ավելի քան 50 մարտական ռազմանավերով, մոտ 100 ռազմական նշանակության տիեզերական սարքերով:

Բացի այդ, բանակը կստանա ավելի քան 600 ժամանակակից ինքնաթիռ, 1000-ից ավելի ուղղաթիռ, 28 С-400 և 38 Витязь զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև 10 Искандер-М հրթիռային համալիրներ: Զորքեր կառաքվի նաև 2.300 տանկ, մոտ 2.000 ինքնագնաց հրետանային համալիր և ավելի քան 17.000 ռազմական մեքենա:

Ըստ վարչապետի` բանակի համալրման գործընթացում կարևոր է ռազմական գիտությունը, քանի որ «առանց դրա» չեն կարող լինել ոչ արդյունավետ ռազմական, ոչ էլ ռազմատեխնիկական հայեցակարգեր, ոչ էլ կարող են արդյունավետորեն աշխատել Գլխավոր շտաբի կառույցները:

Հոդվածում Պուտինն անդրադարձել է նաև զինվորականների աշխատավարձերին: Դրանք, ըստ Պուտինի, պետք է հասցնել որակավորված մասնագետների ու տնտեսության առաջատար ճյուղերի ղեկավարների աշխատավարձերի մակարդակին, նույնիսկ` ավելի բարձր մակարդակի:

«Մեր նպատակն է կառուցել ամբողջությամբ արհեստավարժ բանակ»,- գրել է Պուտինը: Նրա խոսքով` մինչ 2017 թ. միլիոնանոց ռուսական բանակում պետք է լինի 700.000 արհեստավարժ զինվորական, իսկ մինչ 2020 թ. զինակոչիկների թիվը պետք է կրճատվի ևս 145.000-ով:

Սա նախագահի թեկնածուի այս տարվա արդեն վեցերորդ հոդվածն է: Նա իր նախորդ հոդվածներում անդրադարձել էր Ռուսաստանի մարտահրավերներին, ազգային ու սոցիալական քաղաքականությանը, ժողովրդավարության ու տնտեսության զարգացմանը:

Ռուսաստանում նախագահ ընտրելու են մարտի 4-ին: