Հարավային Կորեան պատերա՞զմ է հրահրում Հյուսիսի հետ
Հարավային Կորեան այսօր զորավարժություններ է սկսել Դեղին ծովի` Հյուսիսային Կորեայի հետ վիճելի հատվածում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով հարավկորեական ռազմական գերատեսչության ներկայացուցիչներին, Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեռ չեն ձեռնարկել պատասխան գործողություններ:
Սպասվում է, որ մարտական սպառազինության կիրառմամբ զորավարժությունները կտևեն մոտ երկու ժամ: Բացի այդ, անանուն աղբյուրը գործակալությանն ասել է, որ հարավկորեական սահմանամերձ կղզիների բնակիչներին խորհուրդ է տրվել պատսպարվել ստորգետնյա թաքստոցներում:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) իշխանությունները զորավարժություններ անցկացնելու մտադրությունն անվանել էին «սադրանք», և , ինչպես հաղորդում է France-Presse-ը, խոստացել էին պատասխանել «անողորմ» հարվածներով:
Զորավարժություններն անցկացվում են Յոնփհոնդո կղզու տարածքում, որը 2010 թ.-ի նոյեմբերին գնդակոծման էր ենթարկվել Հյուսիսային Կորեայի կողմից: Այդ ժամանակ զոհվել էր Հարավային Կորեայի չորս բնակիչ, 20-ն էլ վնասվածք էր ստացել:
Հարավային Կորեայի Զինված ուժերը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության սահմանի մերձակայքում, այդ թվում` ԱՄՆ-ի հետ համատեղ, ինչն առաջացնում է Փհենյանի դժգոհությունը:









