«Ժողովուրդ» օրաթերթի դեմ 2.2 մլն դրամի պահանջը հետ է վերցվել

16:32 • 07.03.12

«Ժողովուրդ» օրաթերթի և Պաշտպանության նախարարի խորհրդական, ԱՆ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանի միջև դատական վեճը հանգուցալուծվել է, քանի որ վերջինս հետ է վերցրել օրաթերթի դեմ իր հայցը՝ «արժևորելով մամուլի զարգացումը որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ», այս մասին տեղեկանում ենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության՝ Բենիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ է հրաժարվել օրաթերթի դեմ ներկայացրած դատական հայցից և որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից:

Հիշեցնենք, որ Բենիկ Հարությունյանը դատի էր տվել «Ժողովուրդ» օրաթերթին 2011թ. սեպտեմբերի 9-ին տպագրված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» հոդվածի համար: