Femen-ի աղջիկները վաղը կմերկանան Ստամբուլում
«Մերկ ակցիաներով» աչքի ընկնող ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիները վաղը բողոքի ակցիա կանցկացնեն Ստամբուլում: Նրանք խոստանում են, որ Մարտի 8-ի տոնի առիթով կանանց խնդիրների մասին «բարձրաձայնել և աղմկահարույց ակցիա անցկացնել»:
Սակայն ակցիայի ժամի և կոնկրետ վայրի մասին տեղեկություն չեն տվել: Ինչպես տեղեկացնում է Posta-ն, խմբի մամուլի խոսնակ Իննա Շևչենկոն ասել է, որ իրենք կանանց խնդիրներով զբաղվող «ժամանակակից հեղափոխականներ են» և հուսով են, որ Ստամբուլի ակցիան մեծ ուշադրության կգրավի:
«Կանանց իրավունքների պաշտպանությունը մեր ամենակարևոր պարտականությունն է: Մենք մեր կրծքով կպաշտպանենք ձեր կանանց», - մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Շևչենկոն:
Ուկրաինացի ակտիվիստուհիները ասել են, որ գնահատում են թուրք կանանց գեղեցկությունը և հուսով են, որ նրանք էլ իրենց օրինակով femen խմբեր կստեղծեն և կպաշտպանեն իրենց իրավունքները:
Թեև Femen-ի ակցիայի կոնկրետ ժամն ու տեղը հանրությանը տեղյակ չի պահվում, սակայն ոստիկանությանը տեղեկացվել է և վաղը ակցիան հսկելու են կին ոստիկանները:
Հավանաբար ակցիայից հետո նրանց կկալանավորեն և կարտաքսեն երկրից:









