Բին Լադենի մասին պիես է բեմադրվել Հնդկաստանում

20:07 • 07.03.12

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում բեմադրվել է պիես Ալ-Կաիդայի նախկին առաջնորդ Ուսամա բին Լադենի մասին, հայտնում է lifenews.ru-ն:

Հենց «Ուսամա» վերնագրով նոր ներկայացման մեջ բին Լադենը հանդես է գալիս որպես խաբեբա, որը անցնում է կարիերայի երկար ուղի` կորպորատիվ համակարգի մասնիկից մինչև ահաբեկիչների առաջնորդ: Պիեսի բեմադրողն ու գլխավոր դերակատարը Գաուտամ Հալդարն է:

Այս երկի վրա հեղինակը սկսել է աշխատելիս դեռ մինչ բին Լադենի սպանությունը` անցած տարվա մայիսի 2-ին: Ըստ պիեսի հեղինակի` դրա վրա մեծ ազդեցություն են ունեցել ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի աշխատանքները: «Ուսաման» գրված է քաղաքական երգիծանքի ոճով:

«Դրանում էկզիստենցիալիզմի, կատակերգության և սև հումորի տարրեր կան: Գլխավոր հերոսը ժամանակակից խաբեբա է, որը, ողջ մնալու համար, փորձում է իր գաղափարները վաճառել բոլոր նրանց, ում հնարավոր է: Ընկնելով կորպորացիաների աշխարհ` նա հասկանում է, որ իր կարծիքը ոչ ոք չի լսում և որ ինքը զուտ «պտուտակ» է համակարգի մեջ: Այնուհետև նա ստեղծում է իր ալտեր-էգոն` Ուսամային, որի միջոցով սկսում է իր գաղափարները զանգվածներին հրամցնել», - հայտնել է Գաուտամ Հալդարը:

Պիեսում բին Լադենը չի զոհվում. հեղինակը որոշել է «բաց ավարտ» թողնել`  խուսափել գրոհայինի մահվան տեսարանի պատկերումից: