«Հարցուպատասխան». հայկական նոր հանդեսը կփորձի պահպանել հին հայկական արժեքները

19:00 • 07.03.12

«Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամի ուժերով լույս տեսած «Հարցուպատասխան» քաղաքակրթական նոր հանդեսն այսօր ներկայացվեց ընթերցողի դատին:

Հանդեսի համահեղինակ և հիմնադրամի գործադիր տնօրեն Նազենի Ղարիբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդեսն անդրադառնում է քաղաքակրթությանը վերաբերող բոլոր հարցերին:

««Քաղաքակրթություն» հայերեն բառն արդեն իսկ տալիս է դիպուկ բնորոշումը՝ քաղաք և կրթություն: Թեև մեն չունենք ոչ քաղաք և ոչ էլ կրթություն, ուստի փորձում ենք հանդեսում վեր հանել բոլոր այդ հարցերն ու տալ նրանց պատասխանները, որոնք կվերաբերեն և՛ քաղաքականությանը, և՛ քաղաքագիտությանը, և՛ գիտությանը, և՛ լեզվի և այլ խնդիրներին»,- նշեց նա:
Ըստ նրա՝ հենց այդ պատասխաններով էլ կփորձեն ընթերցողին ներկայացնել, թե քաղաքակրթության ճանապարհը ուր է գնում, ինչպես է գնում:

«Մենք դեռ իներցիայով խորհրդային համակարգի կիրառման մեջ ենք: Մեր երիտասարդությունը դեռ բուհերում նախկին համակարգով է սովորում: Այսօր, իհարկե, ինչ- որ բաներ կան, որոնք պետք է վերաաժևորել, իսկ «Հարցուպատասխանը» պետք է օղակ լինի անցյալ ժառանգության և ապագայի միջև»,-ասաց նա և ավելացրեց, որ ամսագրում իրենք փորձելու են պահպանել անցյալի հին հայկական արժեքները, վերաաժևորել և դրա վրա կառուցել նորը:

Նազենի Ղարիբյանը նաև նշեց, որ նյութի հեղինակների անունները, ի տարբերություն մյուս հանդեսների, «Հարցուպատախանում» չեն նշվի: «Այս հարցում հակասական տեսակետներ կան, մարդիկ կան, որ ասում են ինչպես կարելի է առանց հեղիակ, մյուսներն էլ հաճելիորեն զարմանում են: Մեզ մոտ բոլորը պատասխանատու են մյուսի աշխատանքի համար, սա բազմազանություն է ամբողջական մոտեցմամբ»,- ասաց նա:

Հանդեսի համահեղինակը նաև ավելացրեց, որ քանի որ մարտի 18-ին քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան տարեդարձն է, ով անհասկանալի հանգամանքներում զոհվեց ավտովթարից, ապա այս հանդեսը նաև նվեր է նրան:

Շնորհանդեսին ներկա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացած նման նախաձեռնություն ողջունելի է: «Հատկապես, որ այն վերաբերում է գրավոր խոսքին, որի սովը մեզանում շատ մեծ է: Մասնավորապես, որ գիտես, թե ով է այդ նախաձեռնության ետևում կանգնած»,- ասաց նա:

Իսկ թե ինչ կտա հանդեսը, Աշոտ Բլեյանը պատասխանեց. «Սա ավելի շատ կախված է հնարավոր շահառուների քանակից, թե ինչքանով հարցեր ունենք, որոնց պատասխաները փնտրում ենք»,- ասաց նա և ավելացրեց, որ բոլոր դեպքերում ինքը եղել և մնում է այն կարծիքին, որ սկզբում ընթերցողն է, հետո նոր գրողն ու թերթը: