Դեղորայքի ոլորտի մենաշնորհերը խախտումների դեպքում կպատժվեն. Հարություն Քուշկյան

17:48 • 07.03.12

2012թ-ի Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից է դեղորաքային շուկայի վերահսկողությունը՝ հատկապես կապված դեղորայքի գների աճի հետ, իսկ մենաշնորհ դիրքեր ունեցողների նկատմամբ խախտումների բացահայտման դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ Առողջապահության նախարարությունը փորձելու է անել հնարավորը դեղերի գինը նվազեցնելու ուղղությամբ:

«Ճիշտ է, դա ուղիղ մեր գործառույթը չէ, բայց քանի որ մեզ էլ է վերաբերում, մենք մեր ակտիվ աջակցությունը կունենանք, որպեսզի ոլորտի բոլոր թերությունները վերացվեն»,- ասաց նա:

Նախարարը չժխտեց, որ դեղերի շուկայում հանդիպում են ժամկետանց կամ անորակ դեղեր, սակայն, ըստ նրա, դրա մեղավորությունը այնքան էլ կապ չունի ներմուծողի հետ:

«Գուցե պահպանման մեխանիզմներն են խախտված: Մենք այս ուղղությամբ հիմա ուսումնասիրություններ ենք կատարում ենք Դեղօգտագործողների գործակալության հետ»,-ասաց նա:

Հարցին, թե խախտումներ հայտնաբերելու դեպքում այդրոք ոլորտի մոնոպոլիստները չեն խուսափի պատժամիջոցներից, Հարություն Քուշկյանը պատասխանեց. «Բացառվում է։ Բարոյական նորմեր գոյություն ունի: Նախ ներմուծողը պետք է հասկանա, որ ինքը դեղ է ներկրում և ինքը իրավունք չունի անորակ կամ ժամկետնանց դեղ ներմուծի հանրապետություն»,- ասաց նա: