Կոմայի մեջ գտնվող Սաթենիկ Միրզոյանի մոտ «դրական երևույթներ» են նկատվում

18:31 • 07.03.12

«Էրեբունի» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության «նարկոզից» դուրս բերվելուց հետո ցնցումների, ապա` կոմայի մեջ ընկած 19-ամյա Սաթենիկ Միրզոյանի առողջական վիճակում «դրական երևույթներ» կան, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
«Արդեն ունենք չնայած թեթև, բայց դրական երևույթներ: Եթե դրանք գնալով մեծանան, հույսերը ևս կմեծանան, որ առողջական վիճակը ավելի կբարելավվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սաթենիկ Միրզոյանը կոմայի մեջ է արդեն մի քանի ամիս։
Հարցին, թե ի վերջո որն էր աղջկա կոմայի մեջ հայտվելու պատճառը, նախարարն ասաց, որ այս պահին պատասխանել չի կարող: Նախարարը տեղեկացրեց, որ սա միակ դեպքը չէ, սակայն եզակիներից է:

Հարցին, թե արդյոք նախարարը հավանական է համարում աղջկա առողջական վիճակի բարելավումը, Հարություն Քուշկյանը պատասխանեց. «Մենք մեր հույսը չենք կորցնում ... Մենք անելու ենք ամեն ինչ, որ արդյունքի հասնենք»,- ասաց նա: