Իսպանիայում բռնել են Իտալիայի խոշորագույն նարկոբարոնին
Իսպանիայում ձերբակալվել է նեապոլիտանական մաֆիայի «Կամոռա» խմբավորման ներկայացուցիչներից մեկը, ով վեց տարի գտնվել է փախուստի մեջ: Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, իտալական մաֆիայի բոս Ջուզեպե Պոլվերինոն ձերբակալվել է իսպանացի ու իտալացի իրավապահների համատեղ օպերացիայի արդյունքում:
Հանցագործին ձերբակալել են փաստաթղթերի ստուգման ժամանակ. Պոլվերինոն ներկայացրել է անձը հաստատող կեղծ փաստաթղթեր, ավելի ուշ նրան ճանաչել են մատնահետքերի նույնականացման միջոցով:
Նրա գլխավորած «բանդան» զբաղվել է թմրանյութերի վաճառքով, որի շրջանառությունը կազմել է տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար:
2011թ. մայիսին իտալական ոստիկանությունը ձերբակալել է նարկոկարտելի` ընդհանուր մի քանի միլիարդ դոլար արժողության ակտիվները, ներառյալ` շքեղ առանձնատներ, մեքենաներ, բանկային հաշվեհամարներ, դուստր ձեռնարկություններ:
Պոլվերինոն ընդգրկված է եղել Իտալիայի ներքին գործերի նախարարության ամենավտանգավոր հանցագործների հարյուրյակում:









