Նրանք մեզ խնամում են, պահում, խենթացնում. Հայ քաղաքական գործիչները՝ կանանց մասին
Մարտի 8-ը Հայաստանում վերածվել է գրեթե ընտանեկան տոնի՝ այս իմաստով, թերևս, զիջելով միայն Նոր տարուն, թեև սկզբնական շրջանում Մարտի 8–ը ընկալվում էր որպես կանանց քաղաքացիական և սոցիալական իրավունքների համար պայքարի օր։
Մարտի 8 ամիս-ամսաթիվը աշխարհի բազմաթիվ երկրների տոնացույցում որպես Կանանց միջազգային տոն մտավ, քանի որ 1857թ. այդ օրը Նյու Յորքի տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկաների և հագուստի արտադրամասերի աշխատակցուհիները, ի նշան աշխատանքային անընդունելի պայմանների և ցածր աշխատավարձի դեմ բողոքի, անցկացրեցին «դատարկ կաթսաների երթ»։
Բանվորուհիների պահանջները երեքն էին՝ աշխատանքային օրվա կրճատում, աշխատանքային պայմանների բարելավում և տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ։ Տասնվեց ժամ աշխատող կանայք շատ ցածր աշխատավարձ էին ստանում տղամարդկանց հետ համեմատած։
Պաշտոնապես «դատարկ կաթսաների» միջազգային օրը հաստատվեց 1910թ.՝ Կոպենհագենում Սոցիալիստ կանանց երկրորդ միջազգային կոնֆերանսին, Կլարա Ցետկինի առաջարկով:
Հետագայում իրավահավասարության այդ պահանջները լրացվեցին ընտրելու և ընտրվելու իրավունքի պահանջներով։
Հայաստանում այս տոնը նշվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախության առաջին տարիներին՝ բացառությամբ 1996թ., երբ հանվեց պաշտոնական տոնացույցից և փոխարինվեց ապրիլի 7-ով՝ որպես Մայրության և գեղեցկության տոն։
Արդյունքում Հայաստանում նշվում է և՛ Մարտի 8-ը, և՛ Ապրիլի 7-ը, որը նաև Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնն է: Ւսկ տոների միջև ընկած ժամանակահատվածը վերածվել է կանանց միամսյակի։
Պարզվում է՝ հայ քաղաքական գործիչները, ունակ և պատրաստ են նաև կանանց համար խենթություններ գործելու: Իհարկե, եթե զգացվի խենթության կարիք: Այս է վկայում կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առթիվ Tert.am-ի հարցումը նշված շրջանակների հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն օրինակ սեփական ձեռքերով ձնծաղիկ կարող է հավաքել:
Նրա կուսակից Էդուարդ Շարմազանովն ասում է, որ թեև իր «խենթությունն արել է ժամանակին», կարիքը լինելու դեպքում հիմա էլ կանի, որովհետև այն մարդկանց տեսակից է, որոնք միշտ պատրաստ են խենթությունների:
Սակայն, ամենաշատ խենթությունների պատրաստ է ԱԺ-ում Հանրապետական խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
«Խենթություն առաջին. շատ լուրջ եմ ինձ պահելու, խենթություն երկրորդ՝ չեմ խենթանալու և խենթություն երրորդ՝ անչափ-անչափ լավ եմ զգալու, որովհետև տոնն անցկացնելու եմ իմ ընտանիքի հետ՝ տիկնոջս, հարսներիս, թոռներիս ու տղաների հետ: Ամենամեծ խենթությունը դա է»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նույն խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ոչ մի խենթության պատրաստ չէ, քանի որ կնոջը հանդիպելու օրվանից արդեն «խենթացած է»։
Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, թեև ոչ մի խենթության մասին չնշեց, սակայն կանանց մասին ասաց հետևյալը. «Ընդհանրապես հարգում եմ իրենց, որովհետև իրենք են ստեղծում արժեքները հասարակության մեջ, ամենակարևոր օղակում՝ խնամում, պահում տիրություն անում: Չափազանց մեծ եմ համարում իրենց դերը, ու ոչ թե էսօրվա դրությամբ եմ ասում (Մարտի 8-ի), այլ առհասարակ»,- անկեղծացավ Վարդան Բոստանջյանը:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասաց հետևյալը. «Հայ կանայք հրաշալի կանայք են, որովհետև շատ լավ կին են, մայր և դուստր: Եվ նրանց ամենաբնութագրական հատկանիշը հավատարմությունն ու նվիրվածութունն է»։
Արմեն Մարտիրոսյանը միակն էր, որ պարզ ասաց, որ իր «խենթությունների ժամանակն անցել է»:









