Իրինա Ալեգրովան հայտարարել է հրաժեշտի շրջագայության մասին

11:10 • 08.03.12

Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում երեկ կայացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի համերգը, որին ներկա է եղել մոտ 20 հազ մարդ: Երգչուհին երկու պատճառ է ունեցել հանդիսատեսի հետ հանդիպելու` նրա հոբելյանը, որը հունվարի 20-ին էր, սակայն նա այն տեղափոխել էր մարտին, երկրորդը` նա որոշել է ավարտել ակտիվ գործունեությունը և մոսկովյան համերգով տալ հրաժեշտի շրջագայության մեկնարկը: Ալեգրովան համերգներ կտա ռուսական այլ քաղաքներում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում ու Ամերիկայում:

«Յուրաքանչյուր մարդ, երբ անում է ինչ-որ արարքներ, դրանք բացատրում է այսպես` «անում եմ ընկերներիս ու հարազատներիս համար»: Եվ միշտ ինքն իրեն հարցնում`«իսկ դա նրանց պե՞տք է»: Ես երջանիկ եմ, որ բոլոր ժամանակներում պետք եմ եղել քեզ, իմ հանդիսատես», - դիմելով ներկաներին` ասել է նա:

Իսկ վերջում հայտարարել է իր հրաժեշտի շրջագայության մասին: «Ես չեմ սիրում վերջակետեր, սիրում եմ բազմակետեր»,- հավելել է նա:

Համերգին ներկա են եղել իր երգերի հեղինակները` Լարիսա Ռուբալսկայան, Արկադի Ուկուպնիկը, Վիկտոր Չայկան, Իգոր Կրուտոյը: Վերջինս, լուրը լսելուց հետո, ասել է. «Ես չեմ շնորհավորի Իրային հրաժեշտի շրջագայության կապակցությամբ, ավելի լավ է շնորհավորեմ Մարտի 8-ի և լեփ-լեցուն դահլիճի կապակցությամբ», - ասել է Կրուտոյը:

Իս վերջում երգչուհին շնորհավորել է բոլոր կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: