Չորս նախարարություն մեկ շենքում. գործադիրը փորձում է տարածք և ֆինանս խնայել. Արման Սահակյան

14:07 • 08.03.12

Հայաստանի պետական բյուջեից միայն Սփյուռքի նախարարության համար 81 միլիոն դրամ գումար է հատկացվում «Էրեբունի Պլազայում» տարածքի վարձակալության համար, այս մասին Tert.am–ի հետ զրույցում նշեց կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը։

Նա նաև ասաց, որ կառավարության որոշումով՝ քանդել Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող Արդարադատության նախարարության նախկին, այրված շենքը և այնտեղ կառուցվելիք շենք տեղափոխել Արտաքին գործերի, Էներգետիկայի ու բնական պաշարների և Տարածքային կառավարման նախարարությունները, փորձ է՝ լուծելու ինչպես «Էրեբունի պլազային» վարձակալական հսկայական գումարներ վճարելու, այնպես էլ նախարարությունների տարածքների հետ կապված խնդիրները:

«Մեզ դիմել են ԱԳՆ-ի և Էներգետիկայի նախարարությունները տարածքների հետ կապված խնդիրներով, որ լուծում տրվի: Տարածքները աշխատողների համար չեն բավականացնում։ Գիտեք՝ այս շենքերում երկար միջանցքներ շատ կան»,- ասաց Արման Սահակյանը՝ նշելով, որ ԱԳՆ-ի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության շենքը (3176 քառ. մետր մակերեսով) այրվեց 2008 թ. նախագահական ընտրություններից հետո:

Պետական սեփականություն հանդիսացող տարածքի առաջին հարկն ունի 7 մասնավոր սեփականատեր, որոնց հետ տարածքը քանդման աշխատանքներն իրականացնելու լիազորություն ունեցող Երևանի քաղաքապետարանը փոխհատուցման մասին բանակցություններ է վարում: