Կոալիցիայի ապագան պարզ կլինի նոր վերլուծություններից հետո. Գալուստ Սահակյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության սկզբունքներից մեկն է, որ քաղաքական ուժերը համատեղ գործեն՝ կոալիցիաներով, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ և խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր համարում է, որ ընտրություններից հետո կազմվի նոր կոալիցիա՝ գոնե ՀՀԿ-ԲՀԿ կազմով:
«Ամեն ինչ պարզ կդառնա ընտրություններից հետո, սակայն մեր սկզբունքներից մեկն այն է, որ քաղաքական ուժերը համատեղ գործեն»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Ի պատասխան հարցի, թե այդ դեպքում կուսակցական քվոտաներով բախշված ոլորտները կմնա՞ն նույնը, այսինքն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պորտֆելները՝ ԲՀԿ-ին, ՀՀԿ-ինը՝ հանրապետականին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Չէ, արդեն դա վերլուծությունների խնդիր կլինի, էնպես չի, որ ով կա, էդպես կմնա: Իհարկե, կարող է ինչ-որ բան համընկնի, բայց նոր վերլուծություններ կլինեն»:
Ըստ Սահակյանի՝ այս պահին որևէ մեկը չի կարող հայտարարել, որ ինքն ընդգրկված է Հանրապետականի համամասնական ցուցակում, իսկ եթե որևէ մեկը հայտարարում է, ապա միայն այն պատճառով, որ իրեն երևի տեսնում է « ՀՀԿ-ի որդեգրած սկզբունքների մեջ»:
Հիշեցնենք, որ Գալուս Սահակյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ՀՀԿ–ի նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: Իսկ հարցին, թե ինչու հենց վարչապետը պետք է այդ նախընտրական ծրագիրը կազմի, Գալուստ Սահակյանը պարզաբանել էր, որ նման որոշում է կայացրել ՀՀԿ-ի գործադիր մարմինը։
Գալուս Սահակյանը նաև նշեց, որ մարտի 10–ին կայանալիք ՀՀԿ համագումարը չի տա համամասնական ցուցակի վերաբերյալ պատասխաններ: «Համագումարը ներկուսակցական խնդիրներ կլուծի՝ նոր խորհուրդ, նոր Գործադիր մարմին, կուսակցության նախագահի ընտրություններ»: Իսկ ցուցակի հետ կապված հարցերը կգարգավորեն կուսակցության նորընտիր խորհուրդն ու Գործադիր մարմինը:
Նշենք, որ կուսակցությունների համամասնական ցուցակների հրապարակման վերջին ժամկետը մարտի 22 է:
Վիճակը հստակեցված չէ նաև մեծամասնական թեկնածուների առումով: Գալուստ Սահակյանն ասաց, որ առաջադրումները կլինեն, և ըստ այդմ էլ որոշումներ կընդունվեն՝ ում են պաշտպանելու, ում՝ ոչ: Նաև հնարավոր է՝ կուսակցությունը որոշ ընտրատարածքներում պաշտպանի անկուսակցական կամ այլ կուսակցական թեկնածուների:
«Տեղեր կարող են լինել, ընդհանրապես վերաբերմունք ցույց չենք տա»,- ամփոփեց Գալուստ Սահակյանը:









