Մաշտոցի պուրակում մարտի 8-ը նշում են երկու ճամբարներով (տեսանյութեր)
Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը, Մաշտոցի պողոտային հարող այգում նշվում է երկու ճամբարով: Նախ մաշտոցի այգում հավաքվել և կանանց տոնն էին նշում բնապահպան ակտիվիստները։
Մաշտոցի այգու դիմացի մայթին էլ միջոցառում էր կազմակերպել Երևանի քաղաքապետարանը: Այնտեղով անցնող բոլոր կանանց և աղջիկներին նվիրում էին բացիկներ և մեկ վարդ:
Անցորդներից մի քանիսը Tert.am—ի հետ զրույցում, չթաքցնելով ժպիտը, ասում էին, որ իրենք երբեք նման վերաբերմունք տեղական իշխանություններից չէին տեսել։
Բնապահպան ակտիվիստներին միացել էին նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ու գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում ողջունեց նման գաղափարն ու, շնորհավորելով բոլոր կանանց և աղջիկներին, մաղթեց նրանց «առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»:
Իսկ Մարինե Պետրոսյանը նշեց, որ միշտ պետք է լինի հավասարություն կանանց և տղամարդկանց միջև, և միայն այս օրը չէ, որ պետք է մեծարել և հիշել կանանց:
Մաշտոցի այգի երիտասարդները եկել էին նաև հեծանիվներով, իրենց հետ բերել թմբուկներ և տոնում Մարտի 8-ը բարձր տրամադրությամբ:
Ինչպես բողոքի ակցիաների ժամանակ, այս անգամ էլ այնտեղ ծառայություն էին իրականացնում ՀՀ Ոստիկանության աշխատակիցները:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նման ակցիան քաղաքապետարանն իրականացնում է հենց Մաշտոցի այգու դիմացը, որտեղ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ են անցկացրել բնապահպան ակտիվիստները, ովքեր դեմ են այգում կրպակների տեղադրմանը։









