Ոստիկանը ծաղիկներ է բերել հանրահավաքի ժամանակ հարվածներ ստացած լրագրողուհուն

14:37 • 08.03.12

Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանության աշխատակիցը ծաղիկներ է բերել «Կոմերսանտ FM»-ի լրագրող Ուլյանա Մալաշենկոյին, ով ցուցմունք էր տվել, որ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից մարտի 5-ի չարտոնված հանրահավաքի ժամանակ:

«Ինձ մոտ եկավ բավականին համակրելի ոստիկան, նույնիսկ` ծաղիկներով: Վերցրեց բացատրություն: Սակայն նա թեմայում չէր, տալիս էր բավականին ծիծաղելի հարցեր»,- Twitter-ի իր էջում գրել է Մալաշենկոն: 

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի քաղաքային վարչության պետ Վլադիմիր Կոլոկոլցևը մտադիր է անձամբ զբաղվել ոստիկանի կողմից լրագրողուհուն ծեծի ենթարկելու տվյալների հետաքննությամբ:

Ըստ Մալաշենկոյի տված ցուցմունքի` նա ծեծի է ենթարկվել մարտի 5-ին Մոսկվայի Լյուբյանսկայա հրապարակում չարտոնված հանրահավաքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: