Կանայք խելացի են, պատասխանատու, ասում են կին պատգամավորները
Կնոջ դերը քաղաքականության մեջ շատ մեծ է, այսօր կանանց միջազգային օրվա կապակցությամբ կին պատգամավորներ-լրագրողներ ձևաչափով հանդիմանը հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
Նա մի շարք փաստարկներ ունի, թե ինչու կանանց պետք է պաշտոններ վստահել: Կանայք, Հեղինե Բիշարյանի կարծիքով, հիմնականում, ամենախելացիներն են։ Բուհերում էլ լավ սովորողները հիմնականում աղջիկներն են: Եվ վերջապես՝ «կյանքում էլ ամենախելացիները կանայք են»:
ՕԵԿ փոխնախագահը նշում է, որ հենց կնոջ ուսերին է հասարակության մեջ ու ընտանիքում խնդիրների ամենածանր բեռը:
Շնորհավորելով կանանց և աղջիկների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը մաղթեց, որ տղամարդիկ կանանց նկատմամբ առավել հոգատար լինեն և նրանց վրա առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ոչ միայն Մարտի 8-ին, այլ տարվա 365 օրերին:
Հայաստանի և Սփյուռքի կանանց ուղղված շնորհավորանքներում Հայ Հեղափոխական Դաշնակցության պատգամավոր Ռուզան Մինասյանը նշեց. «Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել արցախյան պատերազմում զոհված և վիրավորված տղաների մայրերին, կանանց և աղջիկներին, որ կարողացել են նման զավակներ պարգևել մեր երկրին»:
Պատգամավոր կանայք էլ բոլոր կանանց նման սիրում են նվերներ ստանալ։ Նվերների առաջին տեղում ծաղիկներն են, սակայն մեծ նշանակություն ունի նվիրողի անձը: «Կախված է նրանից, թե ով է նվերը տալիս, և ինչ հոգի կա նվերի մեջ»,- ասաց Կարինե Աճեմյանը:
Հեղինե Բիշարյանի համար կարևոր է ուշադրությունը, իսկ օրինակ՝ Ռուզան Մինայանի համար ամենաթանկը իր հայրիկի նվիրած նվերներն են:
Հանդիպման վերջում Հեղինե Բիշարյանը բոլորին խորհուրդ տվեց վայելել կանանց միամսյակը, քանի որ նրա ավարտից անմիջապես մեկ օր հետո՝ ապրիլի 8-ին սկսվում է նախընտրական քարոզարշավը:









