Դամասկոսը համաձայնություն է տվել ռուս-արաբական խաղաղ ծրագրին
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադին հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները համաձայնություն են տվել երկրում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի ու Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) ներկայացրած առաջարկին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` դեսպանն ասել է, որ պաշտոնական Դամասկոսը հինգ կետից բաղկացած ծրագրի վերաբերյալ առարկություններ չունի:
«Մենք համաձայն ենք դադարեցնել բռնությունները և նստել առանց նախապայմանների բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է դիվանագետը:
Մարտի 10-ին Կահիրեում ԱԵԼ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել էին ծրագիր, որը նախատեսում է հակամարտող կողմերի կողմից բռնության դադարեցում, երկրի բոլոր շրջաններ մարդասիրական օգնության անարգել մատակարարում, Սիրիայի գործերին արտաքին միջամտության բացառում և աջակցություն ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի առաքելությանը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Անանը մարտի 10-ին Դամասկոսում բանակցություններ էր վարել սիրիական ղեկավարության հետ, այդ թվում` նախագահ Բաշար ալ Ասադի: Սիրիայի իշխանությունները բազմիցս կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամություն են հայտնել, սակայն նրանց հակառակորդները, որպես նախապայման, Ասադի հրաժարականն են պահանջում:
Ասադը, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ իր պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի, քանի որ երկրում կսկսվի քաոս ու քաղաքացիական պատերազմ:
Սիրիայում մեկ տարի շարունակվող բախումների հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 7.500 մարդ:









