Հայաստանում ընտրողների 5%-ը իր ձայնը տալիս է հարևանների խնդրանքով

16:24 • 12.03.12

Հայաստանում ընտրողների 5%–ը իր ձայնը տալիս է հարևանների խնդրանքով: Այսպիսի եզրահանգման է եկել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ուսումնասիրելով Հայաստանի ընտրական զանգվածի առանձնահատկությունները: Այսօր ասուլիսի ժամանակ, ներկայացնելով այդ տվյալները, նա նշեց, որ ընտրողների մեկ երրորդը չի մասնակցում ընտրություններին, մյուս մեկ երրոդը մշտապես տատանումների մեջ է և համարվում է ամենակաշառվող հատվածը:

Այն հարցին, թե ՀՀԿ համագումարում նախագահի ելույթը ինչ ազդեցություն կունենա այդ չկողմնորոշված ընտրազանգվածի վրա, Ադիբեկյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժողովրդի միայն 15-17 տոկոսն է հետևում քաղաքական գործիչների ելույթներին, մնացածը տեղեկացվում է «փչացած հեռախոսի» էֆֆեկտով:

«Ընդամենը վերջերս մի լուրջ մարդ ինձ զանգել, հարցնում է` Ծառուկյանին նստեցրել ե՞ն: Ասում է իբր գիշերը բռնել, տարել են: Պարզվեց, որ վերջերս կուսակիցների` թմրանյութերի հետ կապված ձերբակալությունները «փչացած հեռախոսի» էֆեկտով դարձրել են՝ իբր Ծառուկյանն է ձերբակալվել»:

Խոսելով քաղաքական ուժերի մասին` սոցիոլոգը նշեց, այսօր քաղաքական դաշտում կան երկու հիմնական «խաղացողներ». «Դրանք են` ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն, ապա նրանց հաջորդում են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ը: Ընդ որում, այս կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր կայուն էլեկտրորատը»,– ասաց նա: