Արա Բաբլոյանն իր հիմնած ապահովագրական ընկերության բաժնետեր չէ

15:57 • 12.03.12

ՀՀ պատգամավոր Արա Բաբլոյանը չի ժխտում, որ ինքը Հայաստանում ներդրել է ապահովագրական ընկերություն, սակայն նա ժխտում է մամուլում տարածված այն լուրերը, ըստ որոնց, պատգամավորը ճնշում է գործադրում մի շարք մարզպետների վրա, որպեսզի հենց այդ ապահովագրական ընկերությունում գրանցվեն պարտադիր բժշկական ապահովագրությունները:

«Իմ հիմնած ապահովագրական ընկերությունը միակն է Հայաստանում, որ ունի քառասունմեկ բաժնետեր: Ապահովագրական ընկերության հիմնումը գտել եմ, որ անհրաժեշտ է և պայքարելու եմ որպեսզի դա զարգանա: Ես չեմ հանդիսանում հիմա բաժնետեր: Որևիցե մեկը իրավունք չունի ճնշել որևէ մեկին»,- ասաց նա։

Արա Բաբլոյանը վստահեցրեց, որ ինքը նման բան երբևէ չի արել: Նա նաև ավելացրեց, որ դրանում հանրությունը կհամոզվի մի քանի ամիս հետո, երբ կներկայացվի, թե որ ապահովագրական ընկերությունը քանի հաճախորդ է ունեցել:
Հիշեցնենք, որ 2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար: Սոցիալական փաթեթի մեջ ներառված է նաև բժշկական ապահովագրությունը, որը պարտադիր է աշխատակիցների համար:

Անդրադառնալով ՀՀ ապահովագրական ընկերություններին՝ պատգամավորը նշեց, որ նրանց գործունեությունը վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից, իսկ առաջիկայում այս ուղղությամբ աշխատանքներ կտանի նաև Ֆինանսների նախարարությունը:

Հարցին, թե արդյոք պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման պարագայում չեն բարձրանա առողջապահական ծառայությունների գները, Բաբլոյանը պատասխանեց. «Ֆինանսների նախարարությունը հստակ աշխատանք է իրականացնում առողջապահական հաստատությունների և ապահովագրական ընկերությունների հետ: Գները կքննարկվեն և կհաստատվեն և միայն հաստատված գների դեպքում կիրականացվի ապահովագրությունը»:
Արա Բաբլոյանը Նա վստահեցրեց, որ այս ոլորտում գրեթե բացառված են կոռուպցիոն ռիսկերը, քանի որ բոլոր պետական հաստատությունները ապահովագրական ընկերություններին գումարները հատկացնելու են բանկերի միջոցով, իսկ ապահովագրական ընկերությունները հիվանդանոցներից պետք է ստանան վճարման անդորագրեր: