ԱՄՆ դեմ է իշխանությունների և բնակչության իրականացրած բռնության հավասարեցմանը. Քլինթոնը Սիրիայի վերաբերյալ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանի հետ հանդիպման ընթացքում նոր ռազմական հարձակումներ կազմակերպելու մեջ, հաղորդում է BBC-ն:
«Մենք մերժում ենք բոլոր այն փորձերը, որոնցով նույն նժարի վրա են դրվում Ասադի ռազմական մեքենայի իրականացրած դիտավորյալ սպանությունները, և քաղաքացիական անձանց գործողությունները, որոնք շրջափակման մեջ լինելով` ստիպված են ինքնապաշտպանության դիմում»,- հայտարարել է Քլինթոնը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղարը նաև Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել աջակցել Սիրիայի հումանիտար և քաղաքական ճգնաժամի հաղթահարման ԱԵԼ-ի ծրագրին:
Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց վրա են բարդում շաբաթ օրը Հոմս քաղաքում մոտ 50 մարդու, սպանության մեղքը: Նրանց մարմինները հայտնաբերվել էին Անանի այնտեղ գտնվելու ընթացքում:
Հայտնի է դարձել նաև, որ Սիրիայի Դարաա քաղաքում` հակակառավարական ելույթների կենտրոններից մեկում, աղջիկների դպրոցի մոտ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ երեխա, 25-ը վիրավորվել են:









