Սփյուռքի նախարարն ընդունել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

18:27 • 12.03.12

Մարտի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Իտալահայոց միության նախագահ Պայքար Սվազլյանին և Միլանի հայկական համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Սարո Խոդավերդիին:

Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Իտալիայի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք ամառային դպրոց» և այլ ծրագրերին իտալահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Իտալիայի Տրիեստ քաղաքում կազմակերպված «Հայկական օրեր» միջոցառումներին, որոնք բաղկացած էին երեք մասից` հայ-իտալական գործարար համաժողով, հայ մշակույթի ներկայացում և «Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագրով միջազգային գիտաժողով:

Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները նշել են, որ «Հայկական օրեր» միջոցառումների շարքը մեծ ընդունելություն և արձագանք գտավ իտալացիների շրջանում: Նրանք նաև ընդգծել են, որ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի Իտալիա այցը և «Հայկական օրեր» ձեռնարկը նոր ազդակ հանդիսացան Իտալիայի հայ համայնքի աշխուժացման և ակտիվացման գործում:

Հ.Հակոբյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերը: