Նոր մայրուղին կառուցելիս Դալմայի այգում կիրականացվի ծառերի վերատնկում. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթևեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երևան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում և շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու և ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում»,-նշել է քաղաքապետը:
Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաև շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային և Լենինգրադյան փողոցին:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետևանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների ու թերությունների վերաբերյալ կազմվում են համապատասխան արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ փետրվարին հասարակական կազմակերպությունների հետ անցկացված մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել 234 ավտոբուսային և 830 միկրոավտոբուսային երթերում: Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո անբավարար է գնահատվել մեքենաների սրահների ընդհանուր վիճակը և այժմ աշխատանքներ են տարվում դրանք շտկելու ուղղությամբ: Քաղաքապետը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ և տեսանելի կլինեն այն ժամանակ, երբ նվազեն քաղաքացիների դժգոհությունները:
«2012 թվականին տրասպորտի ոլորտում անկնկալում ենք մի շարք փոփոխություններ մասնավորապես երթուղային նոր ցանցի շահագործման հետ կապված, ինչպես նաև միկրոավտոբուսներից ավտոբուսների անցման ուղղությամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը, ողջունելով ներկայացվող այն առաջարկությունները, որոնք ուղղված են հասարակական տրասպորտի սպասարկման բարելավմանն ու զարգացմանն և առաջարկել է համատեղ քննարկում կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների հետ` ներգրավելով նա հասարակական սեկտորին:









