«Սուրբ Սերվատես հայը» խորագրով գիտաժողով Նիդերլանդներում

18:02 • 12.03.12

Մարտի 10-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում «Անի» կազմակերպության կողմից կազմակերպվել էր գիտաժողով` նվիրված սուրբ Սերվատեսի հիշատակին:

Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Դեսպանը անդրադարձել է սուրբ Սերվատեսի ժառանգությանը` որպես հոլանդական հասարակության մեջ քրիստոնեության և քրիստոնյա արժեքների տարածողի, հայ-հոլանդական կապերի սկզբնավորմանն ու հետագա տարածմանը, հայկական համայնքի ձևավորմանն ու հոլանդական պատմության մեջ ունեցած դերակատարությանը, ներկայիս հայկական համայնքի դերին ու նշանակությանը:

Խոսելով հայ-հոլանդական կապերի մասին` ՀՀ դեսպանն ասել է. «Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ` հայ-հոլանդական հարաբերությունները որակական նոր փուլ են մտել` երկու ժողովուրդների միջև հարաբերություններից վերածվելով երկու պետությունների միջև հարաբերությունների: Մենք մեր նախնիներից դեռ շատ բան ունենք սովորելու, թե ինչպես ամուր տնտեսական կապեր ձևավորենք, սակայն հիմքերն արդեն դրված են. կա արդեն նշանակալից ժառանգություն ստացած համայնք, որը դեռևս պետք է լիովին գիտակցի դրա կարևորությունը և յուրացնի այն»:

Դեսպան Աղաջանյանը շեշտել է, որ սուրբ Սերվատեսի ջանքերը պտուղ են տվել, որոնք «այսօր ծաղկում են` խոստանալով ընդլայնել բարեկամությունն ու համագործակցությունը երկու ժողովուրդների միջև` ի վկայություն այն անժխտելի ներդրումի, որ հայ սուրբն ունեցել է հոլանդական հասարակության մեջ: Մենք պարտավոր ենք սնել այն և հնարավորություն տալ ամբողջ ներուժով դրսևորվելու»:

Գիտաժողովին մասնակցել են նաև Նիդերլանդների Իմիգրացիայի, ինտեգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Խերտ Լիրսն, ով իր ելույթում անդրադարձել է հոլանդական հասարակության մեջ հայ համայնքի ներդրումին և առկա խնդիրներին: Նրան նվիրվել է դոկտոր Եվադյանի հեղինակած «Սուրբ Սերվատես հայը» գրքի առաջին օրինակը:
Սիմպոզիումին ընդարձակ ելույներով հանդես են եկել դոկտոր Ռեգիս դե լա Հայեն, դոկտոր Մաքսիմ Եվադյանը /Լիոնի համալսարան/, դոկտոր Թեո ֆան Լինտը /Օքսֆորդի համալսարան/, դոկտոր Ժոզեֆ Վայտենբերգը /Լեյդենի համալսարան/, դոկտոր Հերման Տյուլեն /Նայմեխենի համալսարան/, ովքեր իրենց ելույթները նվիրել են սուրբ Սերվատեսի կյանքի ու ծագումնաբանության շուրջ ուսումնասիրությունների, հայ գրականության, Նիդերլանդներում հայ համայնքի պատմության, Մերձավոր արևելքում քրիստոնյաների խնդիրների ներկայացմանը:

Միջոցառման երաժշտական հատվածում Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Հարությունյանի, Կանաչյանի և այլոց գործերի կատարումներով հանդես են եկել սոպրանո Լիլիթ Սաթին, դաշնակահարուհի Մարիամ Պողոսովան, ֆլեյտահար Զարա Բադալյանը, և թավջութակահար Միքայել Գրիգորյանը: