Արթուր Սաքունցի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի հետաձգվում է

18:23 • 12.03.12

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ներկայացված դատական հայցի քննությունն այսօր հետաձգվել է:

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Արթուր Սաքունցը, հետձգվել է, քանի որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը դիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել դատական նիստը մեկ այլ գործով դատական նիստի մասնակցելու պատճառաբանությամբ:

«Վահե Գրիգորյանը լրագրող Հայկ Գևորգյանի գործով բողոք ուներ լսելու, այդ իսկ պատճառով չէր կարող հասցնել և խնդրեց հետաձգել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և նրանից բռնագանձել խորհրդանշական 10 ՀՀ դրամ` իրավապաշտպան կազմակերպությանը եւ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած` ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին զրպարտելու համար:

Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին: