Լյուդմիլա Սարգսյանը պահանջում է չեղարկել ՍԴՀԿ նոր ատենապետ նշանակելու որոշումը
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում է մինչև 2012թ–ի մարտի 15-ը որոշում կայացնել 14.02.2012թ. կատարված ՍԴՀԿ նոր խմբագրությամբ կանոնադրության և «նոր ատենապետի» մասին տեղեկությունների գրանցումը անվավեր ճանաչելու մասին:
Լյուդմիլա Սարգսյանը նաև ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ ընտրություններից առաջ արդեն հիմքեր են ստեղծվում «դրանք կեղծելու համար»:
«Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ապօրինի կերպով կատարել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության և նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցում:
Այդ կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացրած դիմումով խնդրել ենք անվավեր ճանաչել 14.02.2012թ. կատարված Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր խմբագրությամբ կանոնադրության և նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը, ներկայացնելով բազմաթիվ փաստաթղթեր ի հաստատումն այն փաստի, որ վիճարկվող գրանցումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա»,– ասվում է հայտարարությունում:
Լյուդմիլա Սարգսյանը նշում է, որ աակայն մինչ օրս «ոչ միայն չի կայացվել համապատասխան որոշում, այլ նաև միտումնավոր ձգձվում է օրենքով սահմանված ժամկետներում և կարգով որոշում կայացնելու գործընթացը, որը ոչ միայն կուսակցության նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող մտածված հետապնդում է, այլ նաև` Հայ Ազգային Կոնգրեսի կազմում, որպես դաշինք, ընտրություններին մասնակցելու արհեստական խոչընդոտի ստեղծում»
«Կատարված ապօրինության, դրա պարտակման անմիջական պատասխանատուներն են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հրայր Թովմասյանը, իսկ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ նույն ինքը` Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի բարձրագույն ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում այսուհետ ժողովրդավարությունը ձևական բնույթ չի կրելու: Սա ընդամենը հերթական ֆարսն էր: Հայաստանի Հանրապետությունում ամենուր ոտնահարվում են մարդու իրավունքները, բնական է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցությունը նրա հիմնական թիրախներից մեկն է դարձել»,– ասվում է հայտարարությունում:
Tert.am-ը փորձեց Արդարադատության նախարարությունից պարզաբանում ստանալ։ Հարցին, թե ինչպես է ստացվել, որ նույն կուսակցությունը երկու ատենապետ ունի Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, պատասխանեց, որ իրենց ներկայացվելեն փաստաթղթեր, որոնց հիման վրա համագումար է եղել և կուսակցությունը գրանցվել է:
«Այսինքն այն, ինչ օրենքով պահանջվում է, ներկայացվել է: Լյուդմիլա Սարգսյանը բողոք է ներկայացրել այս հարցով, որի հիման վրա վարույթ է հարուցվել: Ավելին ես չեմ կարող ասել, երբ որ քննությունը կավարտվի, կլինի պատասխանը, այդ ժամանակ կհրապարակվի»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Թե երբ հայտնի կլինի վարույթի պատասխանները հարցին, Քալանթարյանն պատասխանեց, որ օրենքով սահմանված ժամկետով այն տևում է մեկ ամիս:









