Սիրիայի ընդդիմությունը ռազմական միջամտության կոչ է արել
Սիրիայի ազգային խորհուրդը, այսօր արաբական և արևմտյան երկրներին Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու կոչ է արել, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
ՍԱԽ ներկայացուցիչ Ջորջ Սաբրան (George Sabra) Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռազմական միջամտությունը անհրաժեշտ է Սիրիայում «հումանիտար միջանցքների», թռիչքազերծ և անվտանգության գոտիների ստեղծման համար, որոնք անհրաժեշտ են երկրում իշխանական ուժերի քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները դադարեցնելու համար:
«Մենք արաբական և արևմտյան պետություններից պահանջում ենք ռազմական ինտերվենցիա սկսել, որպեսզի հնարավոր լինի խաղաղ բնակչությանը պաշտպանել: Մենք պահանջում ենք «հումանիտար միջանցքների» և խաղաղ բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ գոտիներ ստեղծել: Մենք պահանջում ենք Սիրիայի ամբողջ տարածքում թռիչքազերծ գոտի հաստատել, որ հնարավոր լինի Ասադի կազմակերպած սպանդը դադարեցնել», - հայտարարել է ՍԱԽ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Սիրիա կատարած այցից հետո այցելել Թուրքիա, որտեղ նա նախ հանդիպելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ, ապա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Անկարայում, Անանը թուրք պաշտոնյաներին է ներկայացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպման արդյունքները:









