Սաուդյան ուսանողուհիները բողոքում են համալսարանում աղբի դեմ (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի Հալիդ արքայի համալսարանի կանանց մասնաճյուղի հազարավոր ուսանողուհիներ հրաժարվել են մասնակցել դասերին` բողոքելով բուհի վարած քաղաքականության դեմ, գրում է The Guardian-ը:
Ուսանողուհիներն այդ քայլով ցանկացել են ուշադրություն հրավիրել տարածքում կուտակված աղբի վրա, որը, ըստ նրանց, վկայում է բուհի ղեկավարության` իրենց հանդեպ ունեցած արհամարհանքի մասին:
Նման ակցիա է անցկացվել նաև մարտի 7-ին. այդ ժամանակ նրանք բողոքել են ուսման պայմանների դեմ: Ակցիային մասնակցել են հարյուրավոր աղջիկներ, որոնց ցրել ցանկացող ոստիկանների գործողություններից, Reuters-ի հաղորդմամբ, տուժել էր ավելի քան 60 ուսանող:
Նրանց հիմնական պահանջը համալսարանի ռեկտորի հրաժարականն է:
Երկրի օրենքների ու կրոնական առաջնորդների ազդեցության արդյունքում Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները խիստ սահմանափակ են: Նրանց արգելված է ավտոմեքենա վարել, ինքնուրույն ճանապարհորդել և այլն:









