Մաշտոցի այգում բնապահպաններին հաջողվել է մեկ վրան տեղադրել
Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիստներին այսօր հաջողվել է վրան տեղադրել՝ չնայած ոստիկանությունը երկար ժամանակ նրանց թույլ չէր տալիս դա անել:
Բանակցություններից հետո ոստիկանության աշխատակիցները և բնապահպանները եկան ընդհանուր հայտարարի:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը ասաց, որ թույլ չեն տա, որպեսզի ավելացնեն վրանների քանակը։
Հիշեցնենք, որ բնապահպանները ակսօրվանից նստացույց են սկսում՝ Երևանի քաղաքապետարանից պահանջելով ապամոնտաժել այգում տեղադրված կրպակները։
Ակտիվիստներն արդեն որոշել են, թե գիշերը քանի հոգի պետք է մնան վրանում և ինչի անհրաժեշտություն կա։
Tert.am-ի հետ զրույցում բնապահպան ակտիվիստներից Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ հավանաբար գիշերը 10-ից ավել մարդ կմնա և եթե այդ փոքրիկ վրանում չտեղավորվեն բոլոր ցանկացողները, ապա ավելի մեծը կտեղադրեն:
Այգում այս պահին լարվածություն չկա:
Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանից փորձեցինք, պարզել, թե ինչու են այգու տարածքում մետաղյա արգելապատնեշներ տեղադրվել: «Պատնեշները շարել ենք, որպեսզի մարդկանց մասնավոր սեփականությունը՝ կրպակները, չվնասեն բնապահպանները»,- ասաց նա:
Այսօր այգում անցկացվող քաղաքացիական դատը դադարեցվել է և հետաձգվել մինչև ուրբաթ:









