ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տոտալիտար ոճով է գրված. Լարիսա Ալավերդյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համար ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տոտալիտար ոճով է գրված:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ելույթից կոնկրետ բառեր օրինակ բերելեով նա նշեց, որ կան մի քանի բառեր, որոնց ինքը բացասական է վերաբերվում: «Երկիրս իմ, ոչ թե էս երկիրը»,- նախ որպես ամենակոպիտ սխալ նշեց պատգամավորը, ապա շարունակեց ներկայացնել ըստ իրեն մի քանի սխալ բառեր և արտահայտություններ. «անկումային հռետորություն», «բարձր գոռալ», «մանկամտություն», «մոլուցք»: «Կարծում եմ, որ սփիչ–ռայթերները շատ կոպիտ սխալներ են արել: Բառապաշարը տոտալիտար համակարգին է բնորոշ»,-ասաց պատգամավորը:
Ի պատասխան նրան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ այնպիսի տպավորություն է, որ հայոց լեզվի դասի է և պետք չէ մի քանի բառերով նսեմացնել այդ ելույթը: Սակայն Լարիսա Ալավերդյանը պարզաբանեց, որ բոլորովին նպատակ չունի ստվեր գցել նախագահի ելույթի վրա, այլ սա ասում է նրա համար, որ հետագայում նախագահի ելույթները ավելի լավը լինեն:
«Ամենաշատը օգտոգործվել են «պետք է» և «նոր» բառերը: Նոր ապրանքներ ու ծառայություններ կարտադրվեն: Կասե՛ք սփիչ–ռայթերներին, որ ծառայությունները չեն արտադրվում, այլ մատուցվում են»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա, կարևոր չէ՝ լեգիտիմ է ընտրված նախագահը, թե ոչ, պարզապես երկիրը ներկայացնող անձի ելույթ գրողները պետտք է հստակ հասկանան իրենց գործը: Բացի այդ պատգամավորի կարծիքով ելույթում բացակայում են նոր գաղափարները, ինչին ի պատասխան Հովհաննես Սահակյանը որևէ հստակ հակադարձում չարեց:









