Սիրիայում ռուս հատուկջոկատայիններ չկան

16:14 • 13.03.12

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն այսօր հայտարարել է, որ Սիրիայում  ռուսական հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու ռազմական խորհրդատուներ չկան:

«Այդ ամենը դատարկ բաներ են: Այնտեղ մեր զինծառայողներից ոչ մեկն ինքնաձիգերով ու նռնակներով չի վազվզում, որովհետև նրանք այնտեղ պարզապես չկան», - ասել է փոխնախարարը:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, նա, միևնույն ժամանակ, հաստատել է այն փաստը, որ Սիրիայում են գտնվում միայն իրենց ռազմատեխնիկական մասնագետները:

«Օրինակ` մենք մատակարարում ենք տանկեր: Միևնույն ժամանակ, մենք այնտեղ ենք ուղարկում մեր տեխնիկական մասնագետներին, որպեսզի նրանք սովորեցնեն մեր օտարերկրյա գործընկերներին աշխատել այդ տեխնիկայով», - պարզաբանել է նա:

Անտոնովը հաստատել է, որ Ռուսաստանը կշարունակի իրականացնել Սիրիայի հետ ավելի վաղ կնքված զենքի մատակարարման մասին պայմանագրերը:

«Դա գաղտնիք չէ, որ մենք Սիրիայի հետ լավ ու ամուր ռազմատեխնիկական համագործակցություն ունենք: Եվ այսօր մեր պայմանավորվածությունները վերանայելու ոչ մի պատճառ չկա», - ասել է փոխնախարարը:

Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ են ուղարկել ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լեոն Պանետային` սպառազինությունների գնման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով:

«Գումարը, որը վճարում է Պենտագոնը ռուսական կողմին, արդյունքում գնում է սիրիական բանակի զինմանը»,- նշվել է սենատորների նամակում:

Պենտագոնն այս նամակին դեռ չի պատասխանել: