«Արմավիա»–«Արմենիա միջազգային օդանավակայաններ» հակասությունը վերածվում է թնջուկի

19:19 • 13.03.12

«Արմավիա» ընկերությունում համարում են, որ «Արմենիա միջազգային օդանավակայանների» հետ խնդիրը լուծված չէ։
Նման եզրակացությամբ հաղորդագրություն է տարածել «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունը։ «Մենք գնացինք զիջումների։ Բայց բանակցությունների ժամանակ ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններից հետո օդանավակայանը կրկին փոխում է որոշումը։ «Արմավիայում» համարում են, որ խնդիրը դեռ լուծված չէ և ոչ մի փաստաթուղթ ստորագրված չէ»,– ասված է «Արմավիայի» տարածած հաղորդագրության մեջ։

Tert.am–ը ստեղծված իրավիճակի հետ կապված նաև մեկնաբանություն ստացավ նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ»–ից։ «Մենք բանակցել ենք և խոսել ենք ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության հետ և ՀՀ քաղավիացիայի շենքում և խնդրում ենք՝ ի գիտություն ընդունել իրենց արած հայտարարությունը»,- tert.am–ի հետ զրույցում պատասխան մեկնաբանությամբ հանդես եկավ «Զվարթնոց» օդակայանը կառավարող «Արմենիա միջազգային օդակայաններ»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

Ավելի վաղ, մենք հաղորդել էինք, որ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունում հինգ ժամից ավելի տևած «Արմավիա»-«Արմենիա միջազգային օդանավակայաններ» բանակցությունների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, կազմվել է «Արմավիայի»՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններին» ունեցած պարտքերի մարման ժամանակացույց: Այդ մասին Tert.am –ին ասել էր Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը:

Նշենք, որ ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե «Զվարթնոց» միջազգային օդակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայանները» չիջեցնի սպասարկման գները 25 տոկոսով, ապա իրենք կվերսկսեն հայտարարված և դադարեցված անժամկետ գործադուլը կամ կհայտարարեն ընկերության սնանկության մասին:

Հարցին, թե ո՞ր կողմն է զիջել և այս 25 տոկոսանոց զեղչի պահանջով ձեռք բերվե՞լ է արդյոք պայմանավորվածություն, ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակն ասել էր, որ ձեռք են բերվել երկուստեք փոխշահավետ լուծումներ, սակայն ավելի կոնկրետ տվյալներ հրապարակել հրաժարվեց: