«Արմավիան» և «Արմենիա միջազգային օդանավակայանները» պայմանավորվել են
Քիչ առաջ ավարտվել են ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունում հինգ ժամից ավելի տևած «Արմավիա»-«Արմենիա միջազգային օդանավակայաններ» բանակցությունները: Կողմերը եկել են համաձայնության, կազմվել է «Արմավիայի» «Արմավիա միջազգային օդանավակայաններին» ունեցած պարտքերի մարման ժամանակացույց: Այս մասին Tert.am –ին ասաց Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը:
Նշենք, որ ՀՀ ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե «Զվարթնոց» միջազգային օդակայանը սպասարկող «Արմենիա միջազգային օդանավակայանները» չիջեցնի սպասարկման գները 25 տոկոսով, ապա իրենք կվերսկսեն հայտարարված և դադարեցված անժամկետ գործադուլը կամ կհայտարարեն ընկերության սնանկության մասին:
Հարցին, թե ո՞ր կողմն է զիջել և այս 25 տոկոսանոց զեղչի պահանջով ձեռք բերվե՞լ է արդյոք պայմանավորվածություն, ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակն ասաց, որ ձեռք են բերվել երկուստեք փոխշահավետ լուծումներ, սակայն ավելի կոնկրետ տվյալներ հրապարակել հրաժարվեց:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ կողմերը պայմանավորվել են թվեր չհրապարակել: Իսկ բանակցությունները այսքանով ավարտված չեն, և սպասվում է նոր պայմանագրի ստորագրում: «Արմավիայից» խոստացան մեկնաբանություն ներկայացնել ավելի ուշ:









