Պոլսո հայոց պատրիարքը Թուրքիայում մոր պես ջերմ Մայր օրենք է ակնկալում

11:32 • 13.03.12

Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը երեկ մասնակցել է թուրքական նոր սահմանադրության շուրջ քննարկմանը և ներկայացրել հայ համայնքի տեսակետը:

«Մենք ուզում ենք, որ Մայր օրենքը մոր պես ջերմ, գրկող, հոգատար, խղճով և զավակների մեջ խտրականություն չդնող լինի»,- ասել է նա:

Թուրքական խորհրդարանի` նոր Սահմանադրության հարցերով ենթահանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո Աթեշյանը զրուցել է նաև լրագրողների հետ: Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպված քննարկման համար և հույս հայտնել, որ հայ համայնքի ներկայացրած առաջարկությունները կընդունվեն: Նա տեղեկացրել է, որ իրենք հանձնաժողովին ներկայացրել են իրենց հետաքրքրող խնդիրների շուրջ առաջարկությունները:

«Մնացածը կախված է հանձնաժողովից, նրանց հաջողություն եմ մաղթում»,- ասել է արամ Աթեշյանը:

Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերջերս խոսելով նոր Սահմանադրության մասին, հայտարարել էր, որ Թուրքիայի Սահմանադրությունից պետք է վերացնել այն կետը, ըստ որի Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք:

Նա ասել է, որ հանձնաժողովին դարձյալ ներկայացրել է համայնքի այդ պահանջը:

«Թուրքական անձնագիր կրող յուրաքանչյուր ոք Թուրքիայի հանրապետության քաղաքացի է: Այդքան պարզ պետք է լինի` առանց ազգային պատկանելությունն ուսումնասիրելու և շեշտելու», - ասել է նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ուզում եք ասել ոչ թե թուրք, այլ Թուրքիայի հանրապետության քաղաքացի, Աթեշյանը պատասխանել է «Այո, թող ասվի բոլորս Թուրքիայի հանրապետության քաղաքացի ենք»: