Վայոց ձորում փլուզվել է Մոզրովի քարանձավը. «Չենք լռելու» (տեսանյութ)

11:34 • 13.03.12

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները նախօրեին նախաձեռնությանը հայտնել են, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:


Նախաձեռնության հաղորդագրության համաձայն՝ նախկինում անձավագետները բազմիցս ահազանգել են Մոզրովի քարանձավի պահպանման հարցում պետության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության մասին, սակայն այդ ամենը մնացել է «ձայն բարբառոյ անապատի»:

«Լավ կլիներ, որ հայրենի իշխանությունները, 100 միլիոն դրամ արժողությամբ զուգարանների հաշվին սեփական ընտանիքների հարստությունը դիզելու հետ մեկտեղ, ժամանակ առ ժամանակ հիշեին, որ այժմ իրենց է վստահված մեր հայրենիքի բնության հուշարձանների պահպանումը:

Մոզրովի փլուզումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ, ինչպես Կաթողիկոսը որևէ գործ չունի, իր իսկ խոսքերով «էդ սարերում գտնվող վանքերի հետ», այդպես էլ պետությունը որևէ գործ չունի մեր բնության պահպանման հետ...»,– ասվում է հայտարարությունում։