«Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական…». այսօր լրանում է Եղիշե Չարենցը 115–ամյակը
Ե՛ս եմ հիմա - մի պոետ. եւ իմ անունը - Չարենց -
Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…
Եղիշե Աբգարի Սողոմոնյան.
Այսօր լրանում է հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը։ Մեծ բանստեղծի 115-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներն այսօր կսկսվեն Ե. Չարենցի տուն–թանգարանից, ուր կայցելեն աշակերտներ, գրողներ, մտավորականներ, ու պարզապես ՝չարենցասերներ:
Ժամը 11:30- ին քայլարշավով կուղևորվեն դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ կազդարարվի չարենցյան տարվա բացումը:
Այսօր գրողի տուն–թանգարանում կբացվի նաև Եղիշե Չարենցի դիմանկարների շարքի ցուցահանդեսը։ Չարենցի ծննդյան 115–ամյա հոբելյանը կնշանավորվի մեկ խորհրդանշական փաստով ևս. մարտի 13-ին Կոմիտաս 49/2 հասցեում ընթերցողների առջև հանդիսավորությամբ իր դռները կբացի «Զանգակ» գրատունը:
Չարենցյան միջոցառումներին ներկա կլինեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Կարդացե՜ք Չարենց»,- թարգմանիչ Սամվել Մկրտչյանի արձագանքն էր Tert.am-ի խնդրանքին՝ վերստին գնահատել 20-րդ դարի աշխարհի լավագույն բանաստեղծներից մեկի գրական ավանդը, որն սկսվեց տասնվեց տարեկանում՝ « Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների շարքով (Ղարս, 1914), «Կապուտաչյա հայրենիք» ( 1915) ու «Դանթեական առասպել» պոեմներով: Չարենցի ստեղծագործության մի առանձին չգերազանցված բաժին է գեղարվեսատական արձակը՝ «Երկիր Նաիրի», «Երևանի ուղղիչ տնից»:
Գուրգեն Մահարու հուշերում Չարենցը իր գրական կեղծանվանը տվել է հետևյալ բացատրությունը. Կարսում եղել է Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է, սակայն ըստ Չարենցի հանրահայտ սեր Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա ու մնացել է Չարենց :
Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը Ե.Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ ամռանը կպատրաստի Ե. Չարենցի հոբելյանական շքեղ հատորյակն անգլերեն թարգմանությամբ: Գրքում կզետեղվեն միայն բանաստեղծություններ և միայն՝ լավագույնները:
Չարենցի անգլերեն թարգմանությունների վրա աշխատում են թարգմանչուհի Շուշան Ավագյանը, Դայանա Տեր-Հովհաննիսյանը, Սամվել Մկրտչյանը և այլոք: Թարգմանիչը հավելեց, որ «Տաղարանը» հատորյակում չի զետեղվելու, քանի որ այն, այնուամենայնիվ ավելի լավ հնչում է հայերեն:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը Եղիշե Չարենցի ծննդյան 115 –ամյակի կապակցությամբ նախաձեռնել է Չարենցի անտիպ նյութերի ժողովածուի տպագրությունը, որը ևս ընթացքի մեջ է:










