Ֆուտբոլը բացակայում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից
Երեկ ՀԱՕԿ-ի լրատվության բաժինն անդրադարձել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջին մամուլի ասուլիսում արտահայտած այն մտքին, որ Հայաստանի ֆուտբոլային օլիմպիական ընտրանին չի կարող խաղալ այն ընկերության մարզահագուստով, որի հետ պայմանագիր է ստորագրել ՀԱՕԿ-ը, եւ պաշտոնական հայտարարությամբ, ի թիվս այլ դիտարկումների, ընդգծել էր, որ առանց Օլիմպիական կոմիտեի հաստատման մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաները չեն կարող մասնակցել Խաղերին, եւ որ ՀԱՕԿ-ը նաև իրավունք ունի ՄՕԿ-ի կողմից ճանաչված միջազգային մարզական ֆեդերացիաներից հետ կանչել ՀԱՕԿ-ի կողմից երաշխավորված ազգային ֆեդերացիաներին եւ նշել էր, որ «Ընդհանրապես` մարզական կազմակերպությունների ղեկավարները չեն կարող իմանալ ու հիշել գործող բոլոր օրենքները: Թերևս, նման հարցերում ղեկավարությանը պետք է օգնի տվյալ հիմնարկի իրավաբանը: Այս դեպքում զերծ կմնանք անհիմն, ապակողմնորոշող հայտարարություններից»:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունն արձագանքելով ՀԱՕԿ-ի հայտարարությանը նշել էր, որ «Բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական մրցապայքարում: Առավել եւս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական մրցապայքարում հանդես գալուն: Եվ ամենակարեւորը, ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմերի մարզահագուստ կրելու պայմաններին եւ պայմանագրային պարտավորություններին: Մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում եւ մասնակցել են ընտրական հանդիպումներին, իսկ ՀԱՕԿ-ում դրանից երբեք տեղյակ չեն եղել»:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում փորձելով ավելի մանրամասն տեղեկատվություն հայթայթել խնդրի վերաբերյալ, նկատեցինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի նշված ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի «Ազգային ֆեդերացիաներ» բաժնում, մինչդեռ նույն բաժնում շուրջ երեք տասնյակ ֆեդերացիաների վերաբերյալ տրամադրված է ամփոփ տեղեկատվություն:









