Forza Italia - «Առաջ Հայաստան», Change We Can Believe In- «Հավատանք, որ փոխենք». փոխառությո՞ւն, թե կրկնօրինակո՞ւմ
Ժամանակին որոշ մարդիկ «Հանրապետականին» հանիրավի մեղադրում էին, որ, իբր, պլագիատ է արել «Forza Italia» կարգախոսն՝ իր «Առաջ Հայաստանով»: Այս մասին Tert.am –ին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով մամուլում տպագրված այն մեկնաբանությանը, որ ՀՀԿ–ի նոր՝ «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը վերցված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «Change We Can Believe In» կարգախոսից:
ՀՀԿ մամուլի խոսնակը հավելեց, որ «Հանրապետական» կուսակցությունը ոչ թե վերցնում է այս կամ այն երկրի հաջողված կարգախոսները, այլ դրանք ընտրելիս կանգ է առնում նրանց վրա, որոնք բխում են իր ծրագրից:
«Եվ, այո, «Հանրապետական» կուսակցությունը գնում է համակարգային փոփոխությունների»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը ամփոփելով, որ կարգախոսների համընկնումը պարզ զուգադիպություն է:
Նա նաև զարմանալի չի համարում, որ տարբեր երկրներում, տարբեր մարդկանց մոտ կարող են ծնվել միևնույն գաղափարները:
Ի պատասխան հարցին, թե ով է համակարգում կուսակցության ներքին քարոզչության և այդ թվում՝ կարգախոսների մշակման աշխատանքները, Էդուարդ Շարմազանովը ասաց, որ այն, ինչպես և կուսակցության ծրագիրը որոշել և ընտրել է կուսակցության ղեկավարը, սակայն մինչ այդ ծրագիրն ու կարգախոսը քննարկվել և հավանության են արժանացել ՀՀԿ անդամների և համակիրների կողմից:
Մեկ հարց էլ Էդուարդ Շարմազանովին Tert.am –ը ուղղեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պաշտոնապես հայտնված այն տեղեկատվության կապակցությամբ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված չէ ԲՀԿ առաջիկա համագումարին:
ՀՀԿ մամուլի խոսնակը այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն չուներ, քանի որ ասաց, որ դա «ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի խնդիրն է»:









