Բրյուսելում շիաների մզկիթի վրա հարձակում է տեղի ունեցել

17:46 • 13.03.12

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում շիաների ամենամեծ մզկիթի վրա հարձակում է տեղի ունեցել:

Պարզվել է, որ մզկիթի մեջ «մոլոտովյան կոկտեյլ» են նետել, ինչի հետևանքով շենքը սկսել է այրվել: Ներսում գտվող 7-8 մարդուն հաջողվել է դուրս գալ մզկիթից, իսկ իմամը փորձել է մարել հրդեհը և ծխից խեղդվել է: Հարձակումից հետո 45 րոպեի ընթացքում հրշեջներին հաջողվել է մարել կրակը, սակայն իմամի կյանքը փրկել չի հաջողվել:

Մզկիթի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել և հարձակումը դատապարտող ցույց սկսել: Բելգիական ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի կասկածյալի: